Ինչպես պետք է կոնտակտային լինզաներ ընտրել

Ի՞նչ են կոնտակտային լինզաները: Դրանք փոքրիկ, կորություն ունեցող լատեքսի կտորներ են, որոնք կրկնում են աչքի ձևը: Աչքերի մեջ տեղադրելուց հետո անմիջապես պատկերը փոխվում է այնպես, կարծես իրականում ակնոց դրած լինեք:

Ըստ էության, սրանք ակնոցի հասարակ ու դյուրին փոխարինիչներ են: Վերջին շրջանում դրանք ավելի ու ավելի մեծ մասսայականություն են վայելում: Իսկ ո՞ւմ են դրանք անհրաժեշտ:

Կոնտակտային լինզաներին նախապատվություն տալիս են այն մարդիկ, ովքեր հոգնել են ակնոց կրելուց: Իսկապես էլ, անընդհատ քթի վրա երկու ապակու կտոր կրելն այնքան էլ հաճելի չէ, էլ չասած, որ անընդհատ պիտի զգույշ լինեք, որ դրանք չընկնեն ու չկոտրվեն: Փաստ է, որ շատերին էլ դրանք զարդարում են, սակայն խոստովանենք, որ ի վերջո, անընդհատ ակնոց կրելը հոգնեցնում է: Մի խոսքով, ակնոցները շատ բացասական կողմեր ունեն, էլ չասենք, որ ակնոցի ետևում ձեր դեմքը պարզապես կորչում է, երբեմն էլ աչքերի արտահատությունն է փոխվում:

Մարդկանց երկրորդ տեսակը, ում համար լինզաները շքեղության առարկա չեն, թույլ տեսնող մարզիկներն են: Պարապմունքի ժամանակ ակնոցը կարող է վնասվել ու նաև վնասել, իսկ կարճատեսները ակնոցով խաղալ ուղղակի չեն կարող: Այստեղ ընտրությունը անվերապահորեն լինզաների կողմն է:

Եվ, վերջապես, մարդկանց ամենանեղ շրջանակը, որ կրում է կոնտակտային լինզաներ, նորաձևության սիրահարներն են: Նրանց մեծ մասը գերազանց տեսողություն ունի, և նրանց ընտրած լինզաներն էլ գունավոր են: Նպատակը աչքերի գույնը փոխելն է: Դրանք ձեր հայացքն աշխարհին ամենևին էլ չեն փոխում, պարզապես աչքերն են այլ գույն ներկայացնում` երկնագույն, կանաչ, երբեմն էլ` կարմիր: Բժիշկները շարունակ զգուշացնում են, որ նման լինզաները վնասում են աչքերը, սակայն նորաձևության սիրահարները կարծես չեն լսում:

Ուրեմն, եթե որոշել եք գնել լինզաներ, ապա դիմեք ակնաբուժական կլինիկա կամ էլ մասնագիտացված սրահներ: Ճիշտ լինզաներ ընտրելու համար ակնաբույժը պետք է ձեզ հետազոտի: Ոչ մի սարսափելի բան չկա: Սովորական բուժզննում է, որով որոշվում է աչքի եղջրաթաղանթի զգայունությունը, միկրոֆլորայի տեսակը, ապա նոր միայն` լինզան:Իսկ երբ արդեն ընտրեք լինզաները, այն ժամանակ ինքներդ պետք է որոշեք, թե երբ պետք է դրանք կրել` ամեն օ՞ր, թե՞ անհրաժեշտության դեպքում: Սովորաբար այն պետք է կրել օրական առավելագույնը 10-12 ժամ, անպայման հանել քնելուց առաջ ու ամեն անգամ մշակել լուծույթով: Բժիշկները խորհուրդ չեն տալիս դրանցով լողանալ, քանի որ դրանք հեշտությամբ ջրի հետ դուրս կգան: Յուրաքանչյուր լինզան պետք է կիրառել 8-12 ամիս: Կան նաև երկարաժամկետ կիրառման (մեկ ամիս ) լինզաներ: Մի անգամ հագնելով` կարող եք փաթեթին նշված ժամկետին համապատասխան` չհանել: Դրանք հատուկ մշակել հարկավոր չէ: Դրանցով կարելի է քնել ու նույնիսկ լողանալ: Դրանք այնքան էլ էժան չեն, սակայն առավելություններն էլ շատ են:

Ինչ լինզաներ կարելի է ընտրել` ձեր անձնական գործն է, սակայն գոյություն ունեն արգելքներ, որոնց հարկավոր է խստիվ հետևել:

-Չի կարելի կեղտոտ ձեռքերով ձեռք տալ լինզաներին:

-Չի կարելի լվանալ կամ էլ պահել այլ` դրա համար չնախատեսված լուծույթի կամ ջրի մեջ:

- Չի կարելի քնել առանց դրանք հանելու, եթե դրա համար նախատեսված չեն:

- Չի կարելի փոխանցել մեկ ուրիշի, նույնիսկ հարազատին:

- Չի կարելի ձախն ու աջն իրար հետ շփոթել, քանի որ յուրաքանչյուր աչքի միկրոֆլորան տարբեր է, հետևաբար չեն բացառվում բորբոքումները:

Ընտրել լինզաներ, թե ոչ, ձեր անձնական գործն է, դրանք ակնոցից թանկ չեն: Այս դեպքում սոսկ մշակման դժվարությունն է, սակայն սրանք անխոս ավելի հարմար են կիրառման առումով: